Family Link-ի հայտարարագիր 13 տարեկանից (կամ Ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխաների ծնողների համար

Կարդալ Family Link-ի միջոցով կառավարվող Google հաշիվների և պրոֆիլների գաղտնիության ծանուցագիրը 13 տարեկանից (կամ Ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխաների համար

Բարի՛ գալուստ, սիրելի ծնողներ

Օգտատերերի վստահությունը մեզ համար շատ կարևոր է, և երեխային սեփական Google հաշիվ ունենալու հնարավորություն տալը մեծ որոշում է։ Մի փոքր ժամանակ տրամադրեք և ստուգեք այս կարևոր տեղեկությունները՝ ավելին իմանալու համար։

Գործիքներ ծնողների համար

Ձեր երեխայի Google հաշիվը կլինի ինչպես Ձեր սեփականը, և դրա միջոցով հասանելի կլինեն Google-ի արտադրանքներից և ծառայություններից շատերը, այդ թվում այնպիսիք, որոնք նախատեսված չեն երեխաների համար։ Ձեր երեխան իր հաշվի միջոցով կարող է՝

  • հարցեր տալ և որոնում կատարել համացանցում Google Օգնականի, Chrome-ի և Որոնման միջոցով,

  • շփվել այլ օգտատերերի հետ Gmail-ի, SMS-ների, տեսահաղորդագրությունների, ձայնային հաղորդագրությունների և հաղորդակցման այլ եղանակների միջոցով,

  • ներբեռնել, գնել և օգտվել հավելվածներից, խաղերից, երաժշտությունից, ֆիլմերից և ավելին,

  • ստեղծել, դիտել և ուղարկել լուսանկարներ, տեսանյութեր, ներկայացումներ, փաստաթղթեր և այլ տիպի բովանդակություն,

  • հետևել իր առողջությանն ու կազմվածքին՝ Google Fit-ից ստանալով բոլոր անհրաժեշտ տվյալները ակտիվության մակարդակի և սրտի զարկերի մասին (կախված իր սարքից) և

  • տեսնել համատեքստային գովազդ Google-ի ծառայություններից օգտվելիս։

Family Link և ծնողական վերահսկողություն

Google-ի Family Link հավելվածի օգնությամբ կարող եք կարգավորել երեխայի հաշիվը և հետևել, թե ինչպես է նա օգտագործում իր սարքը։ Ձեր երեխան կդառնա Google-ի Ձեր ընտանեկան խմբի անդամ։ Այդ խմբում Դուք Ձեր երեխայի ու խմբի մինչև 4 այլ անդամի հետ միասին կարող եք համատեղ օգտագործել Google-ի ծառայությունները։ Ավելի ուշ կկարողանաք ավելացնել մյուս ծնողին, որպեսզի նա օգնի Ձեզ վերահսկել երեխայի հաշիվը։ Ծնողները կարող են օգտագործել Family Link-ը հետևյալ գործողությունները կատարելու համար՝

  • սահմանափակել երեխայի Android կամ ChromeOS սարքի օգտագործման ժամանակը,

  • տեսնել Ձեր երեխայի այն միացված Android սարքերի տեղադրությունը, որոնցում նա մուտք է գործել հաշիվ,

  • հաստատել երեխայի՝ Google Play-ում և Stadia-ում կատարած գնումներն ու ներբեռնումները, ինչպես նաև սահմանափակել բովանդակության հասանելիությունը տարիքային կատեգորիաների հիման վրա,

  • օգնել երեխային ընտրել գործողությունների այն տեսակները, որոնք կարող են պահվել նրա Google հաշվում, ինչպես նաև ընտրել, թե ինչպես պետք է դրանք օգտագործվեն՝ երեխային ցուցադրվող բովանդակությունն անհատականացնելու համար,

  • կառավարել կարգավորումները, օրինակ՝ SafeSearch-ը Google Որոնում ծառայության համար,

  • կառավարել հավելվածների թույլտվությունները երեխայի սարքերում (Android և ChromeOS), օրինակ՝ խոսափողը, տեսախցիկը և կոնտակտներն օգտագործելու թույլտվությունները, և

  • փոխել YouTube-ի (որտեղ հնարավոր է) և YouTube Kids-ի բովանդակության ու հասանելիության կարգավորումները։

Չնայած Family Link-ի ծնողական վերահսկողությունը կարող է օգնել վերահսկել և կառավարել Ձեր երեխայի գործողությունները, այդուհանդերձ կան սահմանափակումներ, որոնք Դուք պետք է հաշվի առնեք՝

  • Չնայած Family Link-ի ծնողական վերահսկողության կարգավորումներից շատերը կարելի է փոփոխել համակարգչով, սակայն որոշ գործառույթներ (օր․՝ սարքի օգտագործման ժամանակի սահմանաչափերի կառավարումը) հասանելի են միայն Android կամ iOS սարքերում տեղադրված Family Link հավելվածում։

  • Կարգավորումները, ինչպիսիք են SafeSearch-ը, Chrome-ի և Play Store-ի զտիչները, կարող են օգնել սահմանափակել անցանկալի բովանդակության հասանելիությունը, այնուամենայնիվ դրանք կատարյալ չեն։ Նույնիսկ, եթե այս կարգավորումները միացված են, Ձեր երեխային կարող է հասանելի լինել անցանկալի բովանդակություն։

  • Որոշ գործողություններ կարող են կատարվել առանց ծնողի թույլտվության, օրինակ՝ նախկինում հաստատված հավելվածների և այլ նյութերի վերստին ներբեռնումը, հավելվածների թարմացումը (նույնիսկ, եթե հավելվածում հայտնվում է նոր բովանդակություն, կամ եթե հավելվածը լրացուցիչ տվյալներ ու թույլտվություններ է պահանջում) և բովանդակության ներբեռնումը Google Play-ի Ձեր ընտանեկան դարանից։

  • Family Link-ի որոշ գործառույթներ ունեն սահմանափակ հասանելիություն և կարող են աշխատել միայն որոշակի կարգավորումների և պայմանների առկայության դեպքում։ Օրինակ, հավելվածներ կարող եք արգելափակել միայն այն դեպքում, եթե երեխան մտել է հաշիվ համատեղելի Android կամ ChromeOS սարքում, կամ Family Link հավելվածում կարող եք տեսնել Ձեր երեխայի սարքի գտնվելու վայրը միայն այն դեպքում, եթե նրա Android սարքն անջատված չէ և միացած է համացանցին։

Երբ լրանա Ձեր երեխայի 13 տարին (երկրից կախված՝ տարիքը կարող է տարբեր լինել), նա կկարողանա ինքնուրույն կառավարել իր հաշիվը։

Ձեր երեխայի տվյալների գաղտնիությունը

Որպեսզի Ձեր երեխան իր Google հաշիվը կամ պրոֆիլն ունենա, մեզ կարող է անհրաժեշտ լինել Ձեր թույլտվությունը՝ Ձեր երեխայի անձնական տվյալները հավաքելու, օգտագործելու կամ հրապարակելու համար, ինչպես նկարագրված է այս Գաղտնիության ծանուցագրում և Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ։ Երբ Ձեր երեխային թույլատրում եք օգտվել մեր ծառայություններից, Դուք և Ձեր երեխան վստահում եք մեզ Ձեր տեղեկությունները։ Մենք հասկանում ենք, որ դա մեծ պատասխանատվություն է, և ջանք չենք խնայում Ձեր տվյալները պաշտպանելու և Ձեր վերահսկողության տակ դնելու համար։ Դուք կարող եք ընտրել՝ արդյոք Ձեր երեխան կարող է կառավարել իր գործողությունների հետագծումը, օրինակ, Վեբ որոնման և հավելվածների պատմության և YouTube-ի պատմության մեջ։

13 տարեկանից (կամ Ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխաների՝ Family Link-ի միջոցով կառավարվող Google հաշիվների և պրոֆիլների գաղտնիության այս ծանուցագրում և Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրվում է, թե ինչպես է Google-ը ապահովում օգտատերերի տվյալների գաղտնիությունը։ Եթե երեխայի հաշվի համար առկա են գաղտնիության առանձնահատուկ կանոններ (օրինակ՝ անհատականացված գովազդի սահմանափակումների հետ կապված), այդ տարբերությունները ներկայացված են այս Գաղտնիության ծանուցագրում։

Այս Գաղտնիության ծանուցագիրը չի տարածվում կողմնակի (Google-ից դուրս) հավելվածների, ընթացակարգերի և կայքերի վրա, որոնք կարող է օգտագործել Ձեր երեխան։ Խնդրում ենք միշտ ծանոթանալ կողմնակի հավելվածների, ընթացակարգերի և կայքերի պայմաններին ու կանոններին, իմանալու՝ արդյոք դրանք հարմար են Ձեր երեխայի համար։ Դա մասնավորապես վերաբերում է տվյալների հավաքմանն ու օգտագործմանը։

Հավաքվող տեղեկությունները

Հենց որ Դուք Ձեր երեխային սեփական Google հաշիվը կամ պրոֆիլն ունենալու թույլտվություն տաք, նրա հաշիվը/պրոֆիլը, որպես կանոն, կդիտարկվի որպես Ձեր սեփականը, և տվյալների համար, որոնք մենք հավաքում ենք, կգործեն գաղտնիության նույն կանոնները։ Մենք, ի թիվս այլ տեղեկությունների, հավաքում ենք՝

Ձեր և Ձեր երեխաների ստեղծած կամ մեզ տրամադրած տեղեկությունները

Հաշվի/պրոֆիլի ստեղծման գործընթացի շրջանակներում մենք, հնարավոր է, Ձեզ խնդրենք տրամադրել Ձեր երեխայի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և ծննդյան ամսաթիվը։ Մենք հավաքում ենք Ձեր և Ձեր երեխայի տրամադրած տեղեկությունները, օրինակ՝ Ձեր կոնտակտային տվյալները, որոնք մեզ անհրաժեշտ են Ձեզ հետ կապվելու և Ձեր համաձայնությունը ստանալու համար։ Մենք նաև հավաքում ենք Ձեր երեխայի՝ իր հաշվի/պրոֆիլի միջոցով ստեղծած, վերբեռնած և այլ օգտատերերից ստացած բովանդակությունը, օրինակ, երբ նա լուսանկարներ է պահում Google Լուսանկարներում կամ փաստաթուղթ է ստեղծում Google Drive-ում։

Տվյալներ Ձեր երեխայի կողմից մեր ծառայությունների օգտագործման վերաբերյալ

Ավտոմատ հավաքվում և պահվում են որոշակի տեղեկություններ այն մասին, թե որ ծառայություններից է օգտվում Ձեր երեխան և ինչպես։ Օրինակ՝ դա կարող է լինել Google Որոնում ծառայությունում կատարած հարցում, Google Օգնականին տրված հրահանգ կամ YouTube Kids-ում դիտած տեսանյութ։ Այդ տեղեկությունները ներառում են՝

  • Ձեր երեխայի հավելվածները, դիտարկիչներն ու սարքերը

    Մենք տարբեր տվյալներ ենք հավաքում հավելվածների, դիտարկիչների և սարքերի մասին, որոնք Ձեր երեխան օգտագործում է Google-ի ծառայություններից օգտվելիս։ Այդ տվյալները ներառում են՝ եզակի նույնացուցիչները, դիտարկիչի կամ սարքի տեսակն ու կարգավորումները, օպերացիոն համակարգը, բջջային ցանցը (այդ թվում՝ հեռախոսահամարը և օպերատորի անունը) և հավելվածի տարբերակը։ Մենք նաև տեղեկություններ ենք հավաքում այն մասին, թե ինչպես են Ձեր երեխայի օգտագործած հավելվածները, դիտարկիչներն ու սարքերը փոխգործակցում մեր ծառայությունների հետ։ Այդ տեղեկությունները ներառում են IP հասցեները, խափանումների մասին հաշվետվությունները, համակարգում երեխայի կատարած գործողությունները, ինչպես նաև ամսաթիվը, ժամը և անցման URL-ը։ Այդ տվյալները գրանցվում են, երբ Ձեր երեխայի սարքի Google ծառայությունը միանում է մեր սերվերներին, օրինակ, երբ երեխան Play Խանութից հավելված է տեղադրում։

  • Ձեր երեխայի գործողությունները

    Մենք հավաքում ենք տեղեկություններ այն մասին, թե ինչ գործողություններ է Ձեր երեխան կատարում Google-ի ծառայություններում։ Այդ տեղեկություններն անհրաժեշտ են մի շարք օգտակար գործառույթների աշխատանքի համար, օրինակ դրանց հիման վրա մենք կարողանում ենք երեխային Google Play-ի նոր հավելվածների առաջարկներ անել։ Դուք կարող եք ընտրել՝ արդյոք Ձեր երեխան կարող է կառավարել իր գործողությունների հետագծումը։ Այդ տեղեկությունները ներառում են՝ որոնման հարցումները, դիտած տեսանյութերը, ձայնային տվյալները, որոնք փոխանցվում են ձայնային գործառույթներից օգտվելիս, այն օգտատերերի տվյալները, որոնց հետ Ձեր երեխան շփվում է կամ կիսվում բովանդակությամբ, ինչպես նաև Chrome-ի այցելությունների պատմությունը, որը համաժամացվել է երեխայի Google հաշվի հետ։ Եթե Ձեր երեխան Google-ի ծառայություններն օգտագործում է զանգեր կատարելու և ընդունելու կամ հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու համար (օր.՝ Google Hangouts-ում կամ Duo-ում), մենք կարող ենք տեղեկություններ հավաքել այդ զանգերի մասին։ Ձեր երեխան կարող է մտնել իր Google հաշիվ կամ պրոֆիլ՝ գտնելու և կառավարելու իր գործողությունների մասին տեղեկությունները, և Դուք նույնպես կարող եք օգնել նրան կառավարել նրա գործողությունների մասին հավաքվող տվյալները՝ մուտք գործելով նրա Google հաշիվ կամ նրա պրոֆիլ Family Link-ում։

  • Ձեր երեխայի գտնվելու վայրի մասին տվյալները

    Մենք տեղեկություններ ենք հավաքում այն մասին, թե որտեղ է գտնվում Ձեր երեխան, երբ օգտվում է Google-ի ծառայություններից։ Մենք որոշում ենք նրա գտնվելու վայրը՝ օգտագործելով GPS-ը, IP հասցեն և սարքի տվիչների ազդանշանները, ինչպես նաև մոտակա օբյեկտների (օր.՝ Wi-Fi-ի մուտքի կետերի, բջջային կապի աշտարակների, միացված Bluetooth-ով սարքերի) մասին տեղեկությունները։ Գտնվելու վայրի մասին տվյալների տեսակները կարող են կախված լինել Ձեր կարգավորումներից և երեխայի սարքերից։

  • Ձեր երեխայի ձայնային կառավարման պատմությունը

    Մենք կարող ենք հավաքել տեղեկություններ Ձեր երեխայի ձայնային պատմության մասին։ Օրինակ, երբ Ձեր երեխան իր հաշվով մուտք գործած ցանկացած սարքում արտասանում է «Ok Google» կամ հպում է խոսափողի պատկերակին, դրան հաջորդող խոսքի կամ ձայնի ձայնագրությունը (ներառյալ նախորդող մի քանի վայրկյանը) պահվում է հաշվում (եթե Վեբ որոնման և հավելվածների պատմությունը միացված է)։

Տվյալների հավաքման և պահման համար մենք օգտագործում ենք այնպիսի միջոցներ ու տեխնոլոգիաներ, ինչպիսիք են քուքիները, պիքսելային թեգերը, տեղային պահեստները (օր.՝ դիտարկիչում վեբ տվյալների պահեստը կամ հավելվածի տվյալների քեշը), տվյալների շտեմարանները և սերվերների մատյանները։ Մենք երեխայից չենք պահանջում տրամադրել առավել մանրամասն անձնական տեղեկություններ, քան անհրաժեշտ է Google-ի հասանելի արտադրանքների ու ծառայությունների օգտագործման համար։

Ինչպես ենք օգտագործում մեր հավաքած տվյալները

Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ մանրամասն նկարագրված է, թե ինչպես կարող ենք մենք օգտագործել տվյալները, որոնք Google-ը հավաքում է՝ կապված Ձեր երեխայի Google հաշվի/պրոֆիլի հետ։ Այդ տվյալներն ընդհանուր առմամբ օգնում են մեզ ապահովել Google-ի ծառայությունների աշխատանքը և կատարելագործել դրանք, ստեղծել նորերը, օպտիմալացնել՝ կախված Ձեր երեխայի կարիքներից, հետևել դրանց արդյունավետությանը և օգտագործման ընթացքին, բարձրացնել հուսալիությունն ու անվտանգությունը և անմիջականորեն շփվել Ձեր երեխայի հետ՝ մեր արտադրանքներին վերաբերող հարցերի շուրջ։

Այդ խնդիրները լուծելու համար մենք օգտագործում ենք տվյալների մշակման տարբեր տեխնոլոգիաներ։ Մեր ավտոմատացված համակարգերը վերլուծում են Ձեր երեխայի հաշվի հետ կապված բովանդակությունը և հատուկ նրա համար որոնման արդյունքներ են ընտրում, ինչպես նաև հարմարեցնում են այլ գործառույթներ՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է նա օգտագործում մեր ծառայությունները։ Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս ժամանակին կանխել սպամի, վնասագրերի և անօրինական բովանդակության տարածումը։ Մենք նաև ալգորիթմներ ենք կիրառում՝ տվյալներում օրինաչափություններ գտնելու համար։ Եթե մենք սպամ, վնասագրեր, անօրինական բովանդակություն կամ մեր ծառայությունների օգտագործման պայմանների այլ խախտումներ հայտնաբերենք, մենք մեզ իրավունք ենք վերապահում արգելափակել Ձեր երեխայի հաշիվը/պրոֆիլը կամ այլ միջոցներ ձեռնարկել։ Որոշակի հանգամանքներում մենք կարող ենք նաև հայտնել խախտման մասին իրավասու մարմիններին։

Մենք կարող ենք օգտագործել Ձեր երեխայի հաշվի տվյալները՝ առաջարկելու նրան անհատականացված բովանդակություն և որոնման ճշգրիտ արդյունքներ։ Օրինակ՝ կախված նրանից, թե ինչ հավելվածներ են տեղադրված Ձեր երեխայի սարքում, նրան կառաջարկվեն հավելվածներ, որոնք իրեն կարող են դուր գալ։

Բացի այդ, վերոնշյալ նպատակների համար մենք համադրում ենք մեր ծառայություններից և երեխայի սարքերից ստացվող տվյալները։ Կախված երեխայի հաշվի/պրոֆիլի կարգավորումներից՝ նրա գործողությունները այլ կայքերում և հավելվածներում կարող են զուգորդվել իր անձնական տվյալների հետ՝ Google-ի ծառայություններն ավելի օգտակար դարձնելու համար։

Google-ը անհատականացված գովազդ չի ցուցադրում երեխաներին։ Դա նշանակում է, որ հայտարարությունները չեն ընտրվում Ձեր երեխայի հաշվի կամ պրոֆիլի տվյալների հիման վրա։ Սակայն գովազդային հայտարարությունները կարող են կապված լինել երեխայի բացած կայքի կամ հավելվածի բովանդակության հետ, ինչպես նաև որոնման ընթացիկ հարցման կամ գտնվելու վայրի (քաղաքի կամ երկրի) հետ։ Համացանցում այլ կայքեր մտնելիս և կողմնակի մշակողների (Google-ից դուրս) հավելվածներ բացելիս Ձեր երեխան կարող է գովազդ տեսնել (այդ թվում` անհատականացված)։

Տվյալներ, որոնցով Ձեր երեխան կարող է կիսվել

Մուտք գործելով իր Google հաշիվ/պրոֆիլ՝ Ձեր երեխան կկարողանա կիսվել տվյալներով (այդ թվում՝ լուսանկարներով, տեսանյութերով, ձայնագրություններով և գտնվելու վայրի մասին տեղեկություններով) այլ օգտատերերի հետ կամ հրապարակել դրանք համացանցում, որտեղ տվյալները հասանելի կլինեն բոլորին։ Համացանցում հրապարակված տվյալները կարող են հասանելի լինել որոնման համակարգերի միջոցով, ինչպիսին է, օրինակ, Google Որոնումը։

Տեղեկություններ, որոնցով կիսվում է Google-ը

Տվյալները, որոնք մենք հավաքում ենք, հատուկ դեպքերում կարող են փոխանցվել երրորդ անձանց։ Մենք որևէ մեկի անձնական տվյալները չենք տրամադրում Google-ից դուրս ընկերությունների, կազմակերպությունների և անհատների՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

Օգտատիրոջ համաձայնությամբ

Մենք տրամադրում ենք անձնական տվյալները Google-ի հետ կապ չունեցող կողմերի օգտատիրոջ համաձայնությամբ (հանգամանքներին համապատասխան)։

Ընտանեկան խմբի ներսում

Ձեր երեխայի մասին տեղեկությունները՝ ներառյալ անունը, լուսանկարը, էլեկտրոնային փոստի հասցեն և Google Play-ից կատարած գնումները, կարող են տրամադրվել Google-ում Ձեր ընտանեկան խմբի անդամներին։

Արտաքին մշակման համար

Մենք տրամադրում ենք օգտատերերի անձնական տվյալները մեզ հետ փոխկապակցված և այլ վստահված անձանց ու կազմակերպությունների՝ մեր հանձնարարականով դրանք մշակելու համար։ Ընդ որում, այդպիսի մշակումն իրականացվում է համաձայն մեր ցուցումների, այս Գաղտնիության ծանուցագրի, Google-ի գաղտնիության քաղաքականության և գաղտնիության ու անվտանգության այլ կիրառելի պայմանների։

Իրավական պատճառներով

Մենք տրամադրում ենք օգտատերերի անձնական տվյալները Google-ից դուրս ընկերությունների, կազմակերպությունների և անհատների, եթե բարեխղճորեն կարծում ենք, որ այդ տվյալների հասանելիությունը, օգտագործումը, պահումը կամ հրապարակումը ողջամտորեն անհրաժեշտ է հետևյալ նպատակներով.

  • գործող օրենքին, կանոնակարգին հետևելու, կամ դատարանի որոշումը, պետական մարմինների՝ հարկադիր կատարման ենթակա պահանջները բավարարելու համար,

  • օգտագործման պայմանները հարկադրաբար կատարելու կամ դրանց հնարավոր խախտումները հետաքննելու համար,

  • խարդախությունը, անվտանգության սպառնալիքները և տեխնիկական խափանումները հայտնաբերելու, կանխելու կամ դրանց դեմ այլ կերպ պայքարելու համար,

  • Google ընկերության, մեր օգտատերերի կամ հանրության իրավունքները, սեփականությունը և անվտանգությունը պաշտպանելու համար, ինչպես որ պահանջվում կամ թույլատրվում է օրենքով։

Մենք նաև կարող ենք անձը չնույնականացնող տեղեկություններ հրապարակել համացանցում կամ ուղարկել մեր գործընկերներին (օր.՝ հրատարակիչներին, գովազդատուներին, մշակողներին և իրավատերերին)։ Օրինակ՝ մենք կարող ենք հրապարակել տեղեկությունները՝ ցույց տալու համար մեր ծառայությունների ընդհանուր օգտագործման միտումները։ Բացի այդ, մենք որոշ գործընկերների թույլ ենք տալիս ստանալ դիտարկիչների և սարքերի հետ կապված տվյալներ իրենց սեփական քուքիների կամ նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով՝ գովազդի կառավարման նպատակով և դրա արդյունավետության գնահատման համար։

Ձեր երեխայի անձնական տվյալների հասանելիությունը

Եթե Ձեր երեխան Google հաշիվ ունի, Դուք կարող եք մտնել նրա հաշիվ և դիտել, թարմացնել, հեռացնել ու արտահանել նրա տվյալները, ինչպես նաև սահմանափակել դրանց մշակումը։ Եթե չեք հիշում Ձեր երեխայի գաղտնաբառը, Դուք կարող եք վերակայել այն Family Link հավելվածի միջոցով կամ ծառայության վեբ տարբերակում։ Հաշիվ մտնելուն պես Դուք կարող եք օգտագործել Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված տարբեր գործառույթներ (օրինակ՝ Google-ում գործողությունների հետագծումը)՝ օգնելու կառավարել Ձեր երեխայի գաղտնիության կարգավորումներն ու տվյալները։

Եթե Ձեր երեխան պրոֆիլ ունի, Դուք կարող եք դիտել, թարմացնել, հեռացնել ու արտահանել նրա տվյալները, ինչպես նաև սահմանափակել դրանց մշակումը Family Link հավելվածի միջոցով կամ ծառայության վեբ տարբերակում։

Ձեր երեխան կարող է հեռացնել պատմությունը «Իմ գործողությունները» բաժնում և ըստ կանխադրման թույլտվություններ տրամադրել կողմնակի հավելվածներին (այդ թվում սարքի տեղադրությունը, խոսափողը և կոնտակտներն օգտագործելու համար)։ Family Link-ի օգնությամբ Դուք կարող եք փոփոխել Ձեր երեխայի Google հաշվի/պրոֆիլի տվյալները, դիտել հավելվածների պատմությունը և թույլտվությունները, ինչպես նաև թույլատրել կամ արգելել երեխային ինքնուրույն կառավարել թույլտվությունները կամ հասանելի դարձնել իր տվյալները կողմնակի ծառայություններին։

Եթե ուզենաք դադարեցնել Ձեր երեխայի մասին տվյալների հավաքումն ու օգտագործումը, Դուք կարող եք հեռացնել նրա Google հաշիվը/պրոֆիլը՝ Family Link-ի «Տեղեկություններ հաշվի/պրոֆիլի մասին» էջում կամ ծառայության վեբ տարբերակում։ Ձեր երեխայի հաշվի/պրոֆիլի մասին տվյալները ողջամիտ ժամկետներում ընդմիշտ կջնջվեն։

Կապվեք մեզ հետ

Եթե Ձեր երեխայի հաշվի/պրոֆիլի հետ կապված հարցեր ծագեն, անմիջապես կարող եք կապվել մեզ հետ։ Մենք կփորձենք օգնել Ձեզ։ Family Link հավելվածի և Ձեր երեխայի Google հաշվի/պրոֆիլի մասին լրացուցիչ տեղեկություններ կգտնեք մեր Օգնության կենտրոնում։ Դուք Family Link հավելվածի միջոցով կարող եք նաև ուղարկել մեզ Ձեր կարծիքը Family Link-ի կամ Ձեր երեխայի Google հաշվի/պրոֆիլի վերաբերյալ։ Դրա համար հպեք ընտրացանկի (☰) պատկերակին և ընտրեք Օգնություն և հետադարձ կապ > Կարծիք հայտնել։ Բացի այդ, կարող եք կապվել մեզ հետ էլփոստով կամ ստորև նշված հասցեով։

Google
1600 Amphitheatre Parkway
Mountain View, CA 94043 USA
Հեռ.՝ +1 855 696 1131 (ԱՄՆ)
Անցեք g.co/FamilyLink/Contact էջ՝ իմանալու, թե ինչպես կապվել մեզ հետ այլ երկրներում

Եթե հարցեր ունեք այն մասին, թե ինչպես է Google-ը հավաքում և օգտագործում Ձեր երեխայի տվյալները, կապվեք Google-ի և տվյալների պաշտպանության մեր գրասենյակի հետ։ Ձեր իրավունքների հետ կապված մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք նաև դիմել Ձեր երկրի իրավասու մարմիններին։

Դիտել Family Link-ի հայտարարագիրը 13 տարեկանից (կամ Ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխաների համար