Family Link – Հայտարարագիր 13 տարեկանից (կամ ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխաների ծնողների համար

Կարդացեք Family Link-ի միջոցով կառավարվող Google հաշիվների և պրոֆիլների գաղտնիության ծանուցագիրը 13 տարեկանից (կամ ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխաների համար

Բարի գալուստ, սիրելի՛ ծնողներ

Ձեր վստահությունը մեզ համար շատ կարևոր է, և երեխային սեփական Google հաշիվ ունենալու հնարավորություն տալը պատասխանատու որոշում է։ Մի փոքր ժամանակ տրամադրեք և աչքի անցկացրեք այս կարևոր տեղեկությունները՝ ավելին իմանալու համար։

Ձեր երեխայի Google հաշիվը

Ձեր երեխայի Google հաշիվը կլինի ձեր հաշվի նման, և դրա միջոցով հասանելի կլինեն Google-ի արտադրանքներից և ծառայություններից շատերը, այդ թվում այնպիսիք, որոնք նախատեսված չեն երեխաների համար։ Հնարավոր է, որ ձեր երեխան պրոֆիլի միջոցով կարողանա՝

  • հարցեր տալ և որոնել համացանցում Google Որոնման, Օգնականի և Chrome-ի միջոցով,

  • շփվել այլ օգտատերերի հետ Gmail-ի, SMS հաղորդագրությունների, տեսահաղորդագրությունների, ձայնային հաղորդագրությունների և հաղորդակցման այլ միջոցներով,

  • ներբեռնել, գնել և օգտագործել հավելվածներ, խաղեր, երաժշտություն, ֆիլմեր և շատ ավելին,

  • ստեղծել, դիտել և ուղարկել լուսանկարներ, տեսանյութեր, ներկայացումներ, փաստաթղթեր և այլ տիպի բովանդակություն,

  • հետագծել առողջության և ֆիթնեսի տվյալները, այդ թվում՝ ակտիվության մակարդակն ու սրտի զարկերի հաճախականությունը Google Fit-ում (կախված ձեր երեխայի սարքի տեսակից),

  • տեսնել համատեքստային գովազդ Google-ի ծառայություններից օգտվելիս։

Family Link և ծնողական վերահսկողություն

Google-ի Family Link հավելվածը ստեղծվել է՝ օգնելու ձեզ հիմնական կանոններ սահմանել ձեր երեխայի համար և ուղղորդել նրան համացանցում։ Երեխան կներառվի Google ընտանեկան խմբում, որտեղ դուք կարող եք երեխայի և ընտանիքի մինչև չորս այլ անդամների հետ համատեղ օգտվել Google-ի ծառայություններից։ Ավելի ուշ կկարողանաք ավելացնել մյուս ծնողին, որպեսզի նա օգնի ձեզ վերահսկել երեխայի հաշիվը։ Ծնողները կարող են օգտագործել Family Link-ը հետևյալ գործողությունների համար՝

  • սահմանափակել երեխայի Android կամ ChromeOS սարքի օգտագործման ժամանակը,

  • տեսնել երեխայի ակտիվ Android սարքերի տեղադրությունը, որոնցում նա մտել է հաշիվ,

  • հաստատել Google Play-ում և Stadia-ում երեխայի կատարած գնումներն ու ներբեռնումները, ինչպես նաև սահմանափակել բովանդակության տեսանելիությունը տարիքային կատեգորիաների հիման վրա,

  • օգնել երեխային ընտրել գործողությունների այն տեսակները, որոնք կարող են պահվել նրա Google հաշվում, ինչպես նաև ընտրել, թե ինչպես պետք է դրանք օգտագործվեն՝ երեխային ցուցադրվող բովանդակությունն անհատականացնելու համար,

  • կառավարել կարգավորումները, օրինակ՝ SafeSearch-ը Google Որոնում ծառայության համար,

  • կառավարել հավելվածների թույլտվությունները երեխայի սարքերում (Android և ChromeOS), օրինակ՝ խոսափողը, տեսախցիկը և կոնտակտներն օգտագործելու թույլտվությունները,

  • փոխել YouTube-ի և YouTube Kids-ի (որտեղ հնարավոր է) բովանդակության, հասանելիության և այլ կարգավորումները։

Չնայած Family Link-ի ծնողական վերահսկողությունը կարող է օգնել վերահսկել և կառավարել ձեր երեխայի գործողությունները, կան սահմանափակումներ, որոնք դուք պետք է հաշվի առնեք․

  • Թեև Family Link-ի ծնողական վերահսկողությունը հիմնականում կարելի է կառավարել ինտերնետում, ձեզ անհրաժեշտ կլինի տեղադրել Family Link հավելվածը՝ Android կամ iOS սարքերում որոշակի գործառույթների (օրինակ՝ սարքի օգտագործման ժամանակի սահմանափակման) կառավարման համար։

  • Կարգավորումները, ինչպիսիք են SafeSearch-ը, Chrome-ի կայքերի սահմանափակումներն ու Play Խանութի զտիչները, կարող են օգնել սահմանափակել անցանկալի բովանդակության հասանելիությունը, այնուամենայնիվ դրանք կատարյալ չեն։ Նույնիսկ երբ այս կարգավորումները միացված են, ձեր երեխային կարող է հասանելի լինել անցանկալի բովանդակություն։

  • Ծնողի թույլտվություն չի պահանջվում, երբ երեխան նորից է ներբեռնում մի հավելված կամ այլ բովանդակություն, որը նախկինում արդեն հաստատվել է, տեղադրում է հավելվածի թարմացում (նույնիսկ այնպիսի թարմացում, որը բովանդակություն է ավելացնում կամ հայցում է լրացուցիչ տվյալներ կամ թույլտվություններ) կամ ընդհանուր բովանդակություն է ներբեռնում Google Play-ի ձեր ընտանեկան դարանից։

  • Family Link-ի որոշ գործառույթներ ունեն սահմանափակ հասանելիություն և կարող են աշխատել միայն որոշակի կարգավորումների և պայմանների առկայության դեպքում։ Օրինակ՝ հավելվածներ կարող եք արգելափակել միայն այն դեպքում, եթե երեխան հաշիվ է մտել համատեղելի Android կամ ChromeOS սարքում, կամ Family Link հավելվածում կարող եք տեսնել ձեր երեխայի սարքի տեղադրությունը միայն այն դեպքում, եթե նրա Android սարքն անջատված չէ և միացած է ինտերնետին։

Երբ լրանա ձեր երեխայի 13 տարեկանը (տարիքը կարող է տարբեր լինել՝ կախված երկրից), նա կարող է ինքնուրույն կառավարել իր հաշիվը։

Հարգեք ուրիշներին

Մեր ծառայություններից շատերում երեխան կարող է շփվել այլ օգտատերերի հետ։ Մենք փորձում ենք բոլորի համար պահպանել փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Սա նշանակում է, որ ձեր երեխան պետք է հետևի վարքի տարրական կանոններին, մասնավորապես՝ չչարաշահի ծառայությունները և չվնասի ինքն իրեն և ուրիշներին (կամ չսպառնա նման գործողություններով և չխրախուսի դրանք)։ Այդ իսկ պատճառով մեր ծառայություններում արգելվում է մոլորեցնել, խաբել, զրպարտել, ահաբեկել, հետապնդել և ծաղրել ուրիշներին, ինչպես նաև մարդկանց որևէ խմբի նկատմամբ ատելություն կամ խտրականություն հրահրող բովանդակություն տարածել՝ հիմք ընդունելով վերջիններիս ծագումը, ռասայական պատկանելությունը, կրոնը, սեռը, սեռական կողմնորոշումը և այլն։ Ատելություն հրահրելու համար դուք և ձեր երեխան կարող եք քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել։

Ձեր երեխայի տվյալների գաղտնիությունը

Ձեր երեխայի համար Google հաշիվ կամ պրոֆիլ ստեղծելու համար մեզ կարող է անհրաժեշտ լինել ձեր թույլտվությունը՝ հավաքելու, օգտագործելու և բացահայտելու նրա տեղեկությունները, ինչպես նկարագրված է սույն Գաղտնիության ծանուցագրում և Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ։ Թույլատրելով երեխային օգտվել մեր ծառայություններից՝ դուք և ձեր երեխան մեզ եք վստահում ձեր տեղեկությունները։ Մենք հասկանում ենք, որ դա մեծ պատասխանատվություն է, և ջանք չենք խնայում ձեր տվյալները պաշտպանելու և ձեզ դրանք վերահսկելու հնարավորություն տալու համար։ Դուք կարող եք ընտրել՝ արդյոք երեխան կարող է կառավարել իր գործողությունների հետագծման պարամետրերը, այդ թվում՝ Վեբ որոնման և հավելվածների պատմությունը, YouTube-ի պատմությունը և, համապատասխան տարածաշրջաններում, Google-ի որոշակի ծառայություններ կապելու հնարավորությունը։

Այս Գաղտնիության ծանուցագրում՝ նախատեսված 13 տարեկանից (կամ ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխաների համար, որոնց Google հաշիվներն ու պրոֆիլները կառավարվում են Family Link-ի միջոցով, և Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ բացատրվում են Google-ի գաղտնիության կանոնները։ Եթե երեխայի հաշվի համար առկա են գաղտնիության առանձնահատուկ կանոններ (օրինակ՝ անհատականացված գովազդի սահմանափակումների հետ կապված), այդ տարբերությունները ներկայացված են այս Գաղտնիության ծանուցագրում։

Այս Գաղտնիության ծանուցագիրը չի տարածվում կողմնակի (ոչ Google-ի) հավելվածների, ընթացակարգերի և կայքերի վրա, որոնք կարող է օգտագործել ձեր երեխան։ Խնդրում ենք միշտ ծանոթանալ կողմնակի հավելվածների, ընթացակարգերի և կայքերի կիրառվող պայմաններին ու կանոններին, իմանալու՝ արդյոք դրանք հարմար են ձեր երեխայի համար։ Դա մասնավորապես վերաբերում է տվյալների հավաքմանն ու օգտագործմանը։

Տեղեկությունները, որոնք մենք հավաքում ենք

Հենց որ դուք ձեր երեխային սեփական Google հաշիվը կամ պրոֆիլն ունենալու թույլտվություն տաք, նրա հաշիվը/պրոֆիլը գլխավորապես կդիտարկվի որպես ձեր սեփականը, և տվյալների համար, որոնք մենք հավաքում ենք, կգործեն նույն կանոնները։ Մենք, ի թիվս այլ տեղեկությունների, հավաքում ենք՝

Ձեր և ձեր երեխայի ստեղծած կամ մեզ տրամադրած տեղեկությունները։

Հաշվի/պրոֆիլի ստեղծման գործընթացի շրջանակում մենք, հնարավոր է, ձեզ խնդրենք տրամադրել ձեր երեխայի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, էլ․ հասցեն և ծննդյան ամսաթիվը։ Մենք հավաքում ենք ձեր և ձեր երեխայի տրամադրած տեղեկությունները, օրինակ՝ ձեր առցանց կոնտակտային տվյալները, որոնք մեզ անհրաժեշտ են ձեզ հետ կապ հաստատելու և ձեր համաձայնությունը ստանալու համար։ Մենք նաև հավաքում ենք ձեր երեխայի՝ իր հաշվի/պրոֆիլի միջոցով ստեղծած, վերբեռնած և այլ օգտատերերից ստացած բովանդակությունը, օրինակ, երբ նա նկարներ է պահում Google Լուսանկարներում կամ փաստաթուղթ է ստեղծում Google Drive-ում։

Տվյալներ ձեր երեխայի կողմից մեր ծառայությունների օգտագործման վերաբերյալ։

Ավտոմատ հավաքվում և պահվում են որոշակի տեղեկություններ այն մասին, թե որ ծառայություններից է օգտվում ձեր երեխան և ինչպես։ Օրինակ՝ դա կարող է լինել Google Որոնում ծառայությունում կատարած հարցում, Google Օգնականին տրված հրահանգ կամ YouTube Kids-ում դիտած տեսանյութ։ Այս տեղեկությունները ներառում են՝

  • Ձեր երեխայի հավելվածները, դիտարկիչներն ու սարքերը

    Մենք տվյալներ ենք հավաքում հավելվածների, դիտարկիչների և սարքերի մասին, որոնք ձեր երեխան օգտագործում է Google-ի ծառայություններից օգտվելիս։ Այդ տվյալները ներառում են եզակի նույնացուցիչները, դիտարկիչի կամ սարքի տեսակն ու կարգավորումները, օպերացիոն համակարգը, բջջային ցանցը (այդ թվում՝ հեռախոսահամարը և օպերատորի անունը) և հավելվածի տարբերակը։ Մենք նաև տեղեկություններ ենք հավաքում այն մասին, թե ինչպես են ձեր երեխայի օգտագործած հավելվածները, դիտարկիչներն ու սարքերը փոխազդում մեր ծառայությունների հետ։ Այդ տեղեկությունները ներառում են IP հասցեները, խափանումների մասին հաշվետվությունները, համակարգում երեխայի կատարած գործողությունները, ինչպես նաև ամսաթիվը, ժամը և անցման URL-ը։ Այդ տվյալները գրանցվում են, երբ ձեր երեխայի սարքի Google ծառայությունը միանում է մեր սերվերներին, օրինակ, երբ երեխան Play Խանութից հավելված է տեղադրում։

  • Ձեր երեխայի գործողությունները

    Մենք հավաքում ենք տեղեկություններ այն մասին, թե ինչ գործողություններ է ձեր երեխան կատարում Google-ի ծառայություններում։ Այդ տեղեկությունների հիման վրա մենք, օրինակ, կարողանում ենք երեխային Google Play-ում նոր հավելվածներ առաջարկել, եթե երեխայի կարգավորումները դա չեն արգելում։ Դուք կարող եք ընտրել՝ արդյոք երեխան կարող է կառավարել իր գործողությունների հետագծման պարամետրերը։ Այդ տեղեկությունները ներառում են որոնման հարցումները, նրա դիտած տեսանյութերը, ձայնային տվյալները, որոնք փոխանցվում են ձայնային գործառույթներից օգտվելիս, այն օգտատերերի տվյալները, որոնց հետ ձեր երեխան հաղորդակցվում է կամ կիսվում բովանդակությամբ, ինչպես նաև Chrome-ի այցելությունների պատմությունը, որը համաժամացվել է երեխայի Google հաշվի հետ։ Եթե ձեր երեխան օգտվում է մեր ծառայություններից՝ զանգեր կատարելու և ստանալու կամ հաղորդագրություններ փոխանակելու համար (օրինակ՝ Google Meet-ի կամ Duo-ի միջոցով), մենք կարող ենք հավաքել հեռախոսային կապի մատյանների տվյալները։ Երեխան կարող է անցնել իր Google հաշիվ՝ դիտելու և կառավարելու այնտեղ կամ իր պրոֆիլում պահվող գործողությունների մասին տվյալները։ Դուք նույնպես կարող եք կառավարել երեխայի գործողությունների մասին տվյալները՝ մտնելով նրա Google հաշիվ կամ պրոֆիլ Family Link-ում։

  • Ձեր երեխայի տեղադրության մասին տվյալները

    Մենք տեղեկություններ ենք հավաքում այն մասին, թե որտեղ է գտնվում ձեր երեխան, երբ օգտվում է Google-ի ծառայություններից։ Մենք որոշում ենք նրա տեղադրությունը՝ օգտագործելով GPS-ը, IP հասցեն և սարքի տվիչների ազդանշանները, ինչպես նաև մոտակա օբյեկտների (օր.՝ Wi-Fi-ի մուտքի կետերի, բջջային կապի աշտարակների, միացված Bluetooth-ով սարքերի) մասին տեղեկությունները։ Տեղադրության տվյալների տեսակները, որոնք մենք հավաքում ենք, մասնակիորեն կախված են ձեր կարգավորումներից և երեխայի սարքերից։

  • Ձեր երեխայի ձայնային կառավարման պատմությունը

    Մենք, հնարավոր է, տեղեկություններ հավաքենք ձեր երեխայի ձայնային կառավարման պատմության մասին։ Օրինակ՝ եթե երեխան օգտագործում է խոսափողի ակտիվացման հրահանգներ (օր․՝ ասում է «Ok Google» կամ հպում խոսափողի պատկերակին), դրան հաջորդող խոսքերը կմշակվեն՝ նրա հարցմանը պատասխանելու համար։ Բացի այդ, եթե երեխայի Վեբ որոնման և հավելվածների պատմության կարգավորումներում Ձայնային կառավարման պատմությունը միացված է, երեխայի մուտք գործած սարքերում Օգնականի հետ ձայնային փոխազդեցությունների ձայնագրությունները (և մի քանի վայրկյան մինչև խոսելը) կարող են պահվել նրա հաշվում։

Տվյալները հավաքելու և պահելու համար մենք օգտագործում ենք այնպիսի միջոցներ ու տեխնոլոգիաներ, ինչպիսիք են քուքիները, պիքսելային թեգերը, տեղային պահեստները (օր.՝ դիտարկիչում վեբ տվյալների պահեստը կամ հավելվածի տվյալների քեշը), տվյալների շտեմարանները և սերվերների մատյանները։ Մենք երեխայից չենք պահանջում տրամադրել առավել մանրամասն անձնական տեղեկություններ, քան անհրաժեշտ է Google-ի հասանելի արտադրանքների ու ծառայությունների օգտագործման համար։

Ինչպես ենք մենք օգտագործում տվյալները, որոնք հավաքում ենք

Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ մանրամասն բացատրվում է, թե ինչպես մենք կարող ենք օգտագործել տվյալները, որոնք Google-ը հավաքում է՝ կապված ձեր երեխայի Google հաշվի կամ պրոֆիլի հետ։ Ընդհանուր առմամբ, մենք օգտագործում ենք ձեր երեխայի տեղեկությունները, որպեսզի կարողանանք տրամադրել Google-ի ծառայությունները, ապահովել այդ ծառայությունների աշխատանքը և կատարելագործել դրանք, ստեղծել նորերը, անհատականացնել ծառայությունները ձեր երեխայի համար, չափել դրանց արդյունավետությունը և հասկանալ, թե ինչպես են օգտագործվում մեր ծառայությունները, անմիջապես շփվել ձեր երեխայի հետ մեր ծառայություններին վերաբերող հարցերի շուրջ և օգնել բարելավել ծառայությունների անվտանգությունն ու հուսալիությունը։

Մենք օգտագործում ենք տարբեր տեխնոլոգիաներ՝ ձեր երեխայի տեղեկություններն այդ նպատակներով մշակելու համար։ Մեր ավտոմատացված համակարգերը վերլուծում են ձեր երեխայի հաշվի հետ կապված բովանդակությունը՝ նրան, օրինակ, որոնման անհատականացված արդյունքներ և այլ գործառույթներ տրամադրելու համար՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է նա օգտվում մեր ծառայություններից։ Բացի այդ, մենք վերլուծում ենք ձեր երեխայի բովանդակությունը՝ սպամ, վնասագրեր և անօրինական բովանդակություն հայտնաբերելու նպատակով։ Մենք նաև ալգորիթմներ ենք կիրառում՝ տվյալներում օրինաչափություններ գտնելու համար։ Սպամ, վնասագրեր, անօրինական բովանդակություն կամ մեր ծառայությունների օգտագործման պայմանների այլ խախտումներ հայտնաբերելու դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում՝ անջատելու ձեր երեխայի հաշիվը կամ պրոֆիլը կամ ձեռնարկելու այլ համապատասխան միջոցներ։ Որոշակի հանգամանքներում մենք կարող ենք նաև հայտնել խախտման մասին իրավասու մարմիններին։

Կախված ձեր երեխայի կարգավորումներից՝ մենք կարող ենք օգտագործել նրա հաշվի տվյալները՝ տրամադրելու նրան առաջարկներ, անհատականացված բովանդակություն և որոնման արդյունքներ։ Օրինակ՝ կախված երեխայի կարգավորումներից՝ Google Play-ը կարող է օգտագործել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են հավելվածները, որոնք տեղադրել է ձեր երեխան, և առաջարկել նոր հավելվածներ, որոնք, հնարավոր է, նրան դուր գան։

Բացի այդ՝ կախված երեխայի կարգավորումներից՝ վերոնշյալ նպատակներով մենք կարող ենք համադրել տեղեկությունները, որոնք հավաքում ենք մեր ծառայություններից և երեխայի սարքերից։ Կախված երեխայի հաշվի կամ պրոֆիլի կարգավորումներից՝ նրա գործողությունները այլ կայքերում և հավելվածներում կարող են կապվել նրա անձնական տեղեկությունների հետ՝ Google-ի ծառայությունները բարելավելու համար։

Google-ը ձեր երեխային չի ցուցադրի անհատականացված գովազդ, այսինքն՝ գովազդը հիմնված չի լինի նրա հաշվից կամ պրոֆիլից վերցված տեղեկությունների վրա։ Սակայն գովազդները կարող են հիմնված լինել այնպիսի տեղեկությունների վրա, ինչպիսիք են կայքի կամ հավելվածի բովանդակությունը, որը դիտում է ձեր երեխան, որոնման ընթացիկ հարցումը կամ մոտավոր տեղադրությունը (օր.՝ քաղաքը կամ երկիրը)։ Կայքեր այցելելիս և կողմնակի հավելվածներից օգտվելիս ձեր երեխան կարող է գովազդ տեսնել այլ (ոչ Google-ի) գովազդատուներից, այդ թվում՝ անհատականացված գովազդ երրորդ կողմերից։

Տեղեկություններ, որոնցով ձեր երեխան կարող է կիսվել

Մուտք գործելով իր Google հաշիվ կամ պրոֆիլ՝ ձեր երեխան կկարողանա կիսվել տեղեկություններով (այդ թվում՝ լուսանկարներով, տեսանյութերով, ձայնագրություններով և տեղադրության տվյալներով) այլ օգտատերերի հետ կամ հրապարակել դրանք համացանցում։ Համացանցում հրապարակված տեղեկությունները կարող են հասանելի լինել որոնման համակարգերի, օրինակ, Google Որոնման միջոցով։

Տեղեկություններ, որոնցով կիսվում է Google-ը

Տեղեկությունները, որոնք մենք հավաքում ենք, սահմանափակ հանգամանքներում կարող են փոխանցվել Google-ից դուրս։ Մենք ոչ ոքի անձնական տեղեկությունները չենք տրամադրում Google-ից դուրս ընկերությունների, կազմակերպությունների և անհատների՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

Համաձայնությամբ

Մենք փոխանցում ենք անձնական տեղեկությունները Google-ից դուրս՝ օգտատիրոջ համաձայնությամբ (հանգամանքներին համապատասխան)։

Ընտանեկան խմբի ներսում

Ձեր երեխայի տեղեկությունները՝ ներառյալ անունը, լուսանկարը, էլ. հասցեն և Google Play-ից կատարած գնումները, կարող են փոխանցվել Google-ում ձեր ընտանեկան խմբի անդամներին։

Արտաքին մշակման համար

Մենք անձնական տեղեկությունները տրամադրում ենք մեր փոխկապակցված կազմակերպություններին կամ այլ վստահված ընկերությունների կամ անձանց, որպեսզի վերջիններս դրանք մշակեն մեզ համար՝ մեր ցուցումների հիման վրա և այս Գաղտնիության ծանուցագրի, Google-ի գաղտնիության քաղաքականության և կոնֆիդենցիալության ու անվտանգության ապահովման այլ համապատասխան միջոցների համաձայն։

Իրավական պատճառներով

Մենք անձնական տեղեկությունները փոխանցում ենք Google-ից դուրս ընկերությունների, կազմակերպությունների և անհատների, եթե բարեխղճորեն կարծում ենք, որ այդ տեղեկությունների հասանելիությունը, օգտագործումը, պահումը կամ հրապարակումը ողջամտորեն անհրաժեշտ է հետևյալ նպատակներով.

  • կիրառելի օրենքին, կանոնակարգին հետևելու, կամ դատարանի որոշումը, պետական մարմինների՝ հարկադիր կատարման ենթակա պահանջները բավարարելու համար․

  • կիրառելի օգտագործման պայմանները հարկադրաբար կատարելու կամ դրանց հնարավոր խախտումները հետաքննելու համար․

  • խարդախությունը, անվտանգության սպառնալիքները և տեխնիկական խափանումները հայտնաբերելու, կանխելու կամ դրանց դեմ այլ կերպ պայքարելու համար․

  • Google ընկերության, մեր օգտատերերի կամ հանրության իրավունքները, սեփականությունը և անվտանգությունը պաշտպանելու համար, ինչպես որ պահանջվում կամ թույլատրվում է օրենքով։

Մենք նաև կարող ենք անձը չնույնականացնող տեղեկություններ հրապարակել համացանցում կամ փոխանցել մեր գործընկերներին (օր.՝ հրատարակիչներին, գովազդատուներին, մշակողներին և իրավատերերին)։ Օրինակ՝ մենք տեղեկություններ ենք հրապարակում՝ ցույց տալու համար մեր ծառայությունների ընդհանուր օգտագործման միտումները։ Բացի այդ, մենք որոշակի գործընկերների թույլ ենք տալիս գովազդի կառավարման և գնահատման նպատակով դիտարկիչների կամ սարքերի հետ կապված տվյալներ հավաքել իրենց քուքիների կամ նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով։

Ձեր երեխայի անձնական տեղեկությունների օգտագործման թույլտվությունը

Եթե ձեր երեխան ունի Google հաշիվ, դուք կարող եք մտնել այդ հաշիվ և դիտել, թարմացնել, հեռացնել և արտահանել նրա տեղեկությունները, ինչպես նաև սահմանափակել դրանց մշակումը։ Եթե չեք հիշում ձեր երեխայի գաղտնաբառը, կարող եք այն փոխել Family Link հավելվածի կամ Family Link-ի վեբ տարբերակի կարգավորումների միջոցով։ Մուտք գործելով հաշիվ՝ դուք կարող եք օգտագործել Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված տարբեր կարգավորումներ (օրինակ՝ Google-ում գործողությունների հետագծումը)՝ օգնելու կառավարել ձեր երեխայի տեղեկությունները և գաղտնիության կարգավորումները։

Եթե ձեր երեխան ունի պրոֆիլ, դուք կարող եք դիտել, թարմացնել, հեռացնել և արտահանել նրա տեղեկությունները, ինչպես նաև սահմանափակել դրանց մշակումը Family Link հավելվածի կամ Family Link-ի վեբ տարբերակի կարգավորումների միջոցով։

Ձեր երեխան կկարողանա ջնջել իր պատմությունը «Իմ գործողությունները» բաժնում և, ըստ կանխադրման, երրորդ անձանց տրամադրել հավելվածների (այդ թվում՝ սարքի տեղադրության տվյալների, խոսափողի և կոնտակտների օգտագործման) թույլտվություններ։ Family Link-ի օգնությամբ դուք նաև կարող եք խմբագրել կամ փոփոխել ձեր երեխայի Google հաշվի կամ պրոֆիլի տեղեկությունները, դիտել հավելվածների օգտագործման պատմությունը և թույլտվությունները, ինչպես նաև կառավարել երեխայի հնարավորությունը՝ տրամադրելու հավելվածներին կամ կողմնակի ծառայություններին իր տեղեկությունների օգտագործման որոշակի թույլտվություններ։

Եթե որևէ պահի ցանկանաք դադարեցնել ձեր երեխայի տեղեկությունների հետագա հավաքումը կամ օգտագործումը, ապա կարող եք ջնջել նրա Google հաշիվը կամ պրոֆիլը՝ սեղմելով «Ջնջել հաշիվը» կամ «Ջնջել պրոֆիլը» երեխայի հաշվի կամ պրոֆիլի տեղեկությունների էջում՝ Family Link հավելվածում կամ Family Link-ի վեբ տարբերակի կարգավորումներում։ Երեխայի հաշվի կամ պրոֆիլի տեղեկություններն ընդմիշտ կջնջվեն ողջամիտ ժամանակահատվածում։

Դիմեք մեզ

Եթե ձեր երեխայի Google հաշվի կամ պրոֆիլի հետ կապված հարցեր ծագեն, կարող եք անմիջապես դիմել մեզ։ Միշտ պատրաստ ենք օգնել։ Լրացուցիչ տեղեկություններ Family Link-ի և երեխայի Google հաշվի կամ պրոֆիլի մասին կարելի է գտնել Օգնության կենտրոնում։ Դուք նաև կարող եք կարծիք հայտնել Family Link-ի կամ երեխայի Google հաշվի կամ պրոֆիլի մասին՝ Family Link հավելվածում հպելով Ընտրացանկ ☰ > Օգնություն և հետադարձ կապ > Ուղարկել կարծիք կամ գրելով էլփոստով կամ ստորև բերված հասցեին։

Google
1600 Amphitheatre Parkway
Mountain View, CA 94043 USA
Հեռախոսահամար՝ +1 855 696 1131 (ԱՄՆ)
Այլ երկրների համար այցելեք g.co/FamilyLink/Contact

Եթե հարցեր ունեք այն մասին, թե ինչպես է Google-ը հավաքում և օգտագործում ձեր երեխայի տվյալները, կարող եք դիմել Google կամ տվյալների պաշտպանության մեր գրասենյակ։ Ձեր իրավունքների հետ կապված մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք նաև դիմել ձեր երկրի իրավասու մարմիններին։

Դիտել Family Link-ի հայտարարագիրը 13 տարեկանից (կամ ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխաների համար

Google Apps
Գլխավոր ընտրացանկ